Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, երբ հասնի իր հերթը պատվաստումների արշավի շրջանակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ամեն օր ավելի շատ մարդ է պատվաստվում, քայլ առ քայլ մոտենում է մյուս տարիքային եւ մասնագիտական խմբերի հերթը, որից հետո պատվաստվելու են կամավոր սկզբունքով: Ես նույնպես պատվաստվելու եմ, երբ իմ հերթը հասնի»-հայտարարել է Մերկելը քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում:

Մերկելն իր ուղերձում անվանել է պատվաստանյութը 2021 թվականի «հույսի խորհրդանիշերից» մեկը:

Գերմանիայում, ինչպես եւ ԵՄ մյուս երկրներում դեկտեմբերի 27-ից մեկնարկել են Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրած պատվաստանյութով բնակչության պատվաստումները: Գերմանիայում առաջնահերթ են 80 տարեկանից բարձր մարդիկ, ծերանոցների բնակիչներն ու անձնակազմը, բուժանձնակազմը: Ավելի ուշ կպատվաստվեն 70 տարեկանից բարձր մարդիկ, ոստիկաններն ու այլոք: 60 տարեկանից բարձր խմբում կան նաեւ կառավարության ներկայացուցիչներ: Մերկելը 66 տարեկան է եւ ընդգրկված է երրորդ խմբում՝ ըստ առաջնահերթության, սակայն կոնկրետ անձի պատվաստման ժամկետը որոշում են ՏԻՄ-երը՝ համաձայն ստացվող դիմումների եւ հասանելի պատվաստանյութի քանակության: