Հնդկաստանի մի քանի նահանգներում թռչնագրիպի զանգվածային բռնկում է գրանցվել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Այդ հիվանդության վիրուսը տարածվել է առնվազն 4 նահանգներում՝ Խիմաչալ Պրադեշում, Մադխյա Պրադեշում, Կերալում եւ Ռաջաստանում:
Խիմաչալ Պրադեշում երեքշաբթի հաստատվել է մոտ 1700 թռչնի սատկելու դեպք: Իշխանությունները կարգադրել են, որպեսզի ո՛չ մարդիկ, ո՛չ անասունները չմոտենան Պոնգ Դամ լճին եւ արգելել են թռչունների վաճառքը:
Կերալա նահանգում, հավանաբար, ոչնչացվել է 36 հազար տնային թռչուն այն բանից հետո, երբ Ալապուջա եւ Կոտայամ շրջաններում թռչունների սատկելու մի քանի դեպք է գրանցվել:
Բոլոր շրջաններում տեղական իշխանություններին հանձնարարվել է օպերատիվ հայտնել թռչունների անսպասելի սատկելու մասին, ստեղծվել են իրավիճակին հետեւելու հարցով խմբեր:
Կենտրոնական կառավարությունը ազգային պարկերին եւ վայրի բնության արգելոցներին կարգադրել է հետեւել զգուշավորության բոլոր կանոններին երկրի ողջ տարածքում թռչնագրիպի տարածման ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























