Գյուղատնտեսության ոլորտում ներդրված շտապօգնության թեժ գծին Շիրակի մարզի գյուղացիները վերջին 2 օրերին ահազանգում են կարկտահարության մասին: Մասնավորապես, նման ահազանգեր են ստացվում Աննի տարածաշրջանի Բագրավան եւ Կապս բնակավայրերից:
ՀՀ գյուղատնտեսության խորհրդատու Արայիկ Հարությունյանի խոսքով «Շտապօգնության հիմնական ֆունկցան այն է, որ գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն անմիջապես գրանցվեն գրանցամատյանում եւ հասցեագրվեն նախարարության համապատասխան ստորաբաժանումներին: Իսկ ամենակարեւորը խորհրդատվական ծառայություններ են մատուցվում գյուղացիներին»:
Այնինչ, ըստ Արայիկ Հարությունյանի, երբ գյուղացին զանգահարում է իրենց, ակնկալում է ռեալ, ֆինանսական օժանդակություն, իսկ միայն գրանցելն ու նախարարությանը հաղորդելը խնդրի լուծում չէ:
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության ոլորտում Շտապօգնության համակարգը ներդրվել է մայիսից եւ, ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսանի պատկերացումների, այդ ծառայությունն իրենց հնարավորություն կտա ամեն շաբաթ ամփոփել տարբեր մարզերից ստացված տվյալները եւ հասկանալ, թե հիմնականում որ հարցերն են մտահոգում գյուղացիներին:




























