Թերթը գրում է, որ տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի անշարժ գույքի շուկան առայժմ ոչ մի կերպ ուշքի չի գալիս։ Թեեւ նախորդ տարվա կեսերին մի պահ թվաց, թե վիճակն աստիճանաբար կարգավորվում է, այնուհանդերձ դա երկար չտեւեց։ Տարեվերջից շուկայում դարձյալ սկսեցին նկատվել գնանկումային երեւույթներ, որոնք փոփոխակի զարգացումներով շարունակվում են նաեւ այս տարվա ընթացքում։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ ապրիլին մայրաքաղաքում բնակարանային շուկան էժան է եղել, քան տարեսկզբին։ Եթե 2010թ. դեկտեմբերի վերջին 1 քառ. մետրի միջին գները Երեւանում տատանվում էին 260,7 հազարի սահմաններում, ապա ապրիլին դրանք կազմել են 257,1 հազար դրամ։ Այլ կերպ ասած, բնակարանային շուկան չորս ամսվա ընթացքում էժանացել է 3,6 հազար դրամով (կամ շուրջ 10 դոլարով)։

Երեւանի բնակարանային շուկայում այս տարի գնանկման միտումներ նկատվեցին արդեն հունվարից։ Այդ ամսվա ընթացքում գները նվազեցին 2 հազար դրամով։ Փետրվարին վիճակը կարծես կարգավորվեց, եւ շուկան վերականգնեց կորցրածը։ Սակայն հաջորդ երկու ամիսներին գները դարձյալ նվազեցին. արդեն ապրիլին գները ցածր էին, քան տարեսկզբին։

Երեւանի բնակարանային շուկայում ներկայումս գները շատ ավելի ցածր են մեկ տարի առաջվա համեմատ։ Եթե 2010թ. ապրիլին 1 քառ. մետրի միջին գները մայրաքաղաքում տատանվում էին 277 հազարի, ապա այժմ՝ 257 հազար դրամի սահմաններում։

Այլ կերպ ասած, վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանի յուրաքանչյուր քառ. մետրը միջին հաշվով էժանացել է եւս 20 հազար դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ թվում է, ամեն ինչ արվում էր անշարժ գույքի շուկան աշխուժացնելու ուղղությամբ։

Տնտեսական ճգնաժամից առաջվա համեմատ մայրաքաղաքում բնակարանային գների անկումը յուրաքանչյուր մետրի հաշվով հասնում է շուրջ 50 հազար դրամի։ Ճգնաժամից առաջ միջին գները Երեւանում 307 հազար դրամ էին։ Եթե սրան հավելենք նաեւ վերջին երկուսուկես տարվա ընթացքում արձանագրված ազգային արժույթի շուրջ 25-30 տոկոս արժեզրկումը, ապա պատկերը առարկայական կդառնա։

Միտումները նույնն են նաեւ կարճաժամկետ հատվածում։ Այսպես. այս տարվա ապրիլին նախորդ ամսվա համեմատ Երեւանի վարչական շրջանների զգալի մասում բնակարաններն էժանացել են։ Կենտրոնում գները նվազել են ավելի քան 4 հազար դրամով։ Դրանք տատանվում են 447 հազար դրամի սահմաններում, ինչը 22 հազարով պակաս է մեկ տարի առաջվա համեմատ։

Մեկ ամսվա ընթացքում գները 5 հազարով նվազել են Քանաքեռ-Զեյթունում, 3,5 հազարով՝ Դավիթաշենում, 3 հազարով` Շենգավիթում։ Այս վարչական շրջաններում ապրիլին 1 քառ. մետր բնակարանի գները եղել են Քանաքեռ-Զեյթունում՝ 264 հազար, Դավիթաշենում՝ 252 հազար եւ Շենգավիթում՝ 230 հազար դրամ։

Արաբկիրում վերջին մեկ ամսվա ընթացքում գների անկումը համեմատաբար փոքր է եղել՝ 800 դրամ։

Ի տարբերություն վարչական շրջանների մեծ մասի, Ավանի բնակարանային շուկան ապրիլին թանկացել է։ Գներն այստեղ բարձրացել են 4 հազարով՝ կազմելով 232 հազար դրամ։

Այս դրսեւորումներով հանդերձ, Երեւանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գներն ընթացիկ տարի ցածր են նախորդի համեմատ։ Իհարկե, գնային փոփոխությունները տարբեր տեղերում տարբեր չափերով են արտահայտվել։ Ասենք՝ Նոր Նորքում դրանք այժմ 18 հազար դրամով էժան են մեկ տարի առաջվա համեմատ։ Ավանում գնային տարբերությունը 10 հազար է, Դավիթաշենում՝ 22 հազար դրամ։ Իսկ ամենամեծ փոփոխությունը կատարվել է Արաբկիրում, որտեղ մեկ տարվա ընթացքում բնակարաններն էժանացել են միջին հաշվով 42 հազար դրամով։

Մայրաքաղաքի բնակարանային շուկայի այս դրսեւորումները, անշուշտ, այնքան էլ հուսադրող չեն։ Ավելին` դրանք ցույց են տալիս, որ շուկայում վճարունակ պահանջարկը շարունակում է նվազել։ Սա, բնականաբար, պայմանավորված է տարբեր գործոններով։ Սակայն առաջնայինը մնում է բնակչության եկամուտների խնդիրը, գրում է թերթը։