ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է իր ընտրարշավի միջոցներից հատկացնել հանրապետականներին 2022 թվականին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մասնակցության համար: Այս մասին հայտնել է Թրամփի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլերը, փոխանցում է The Washington Post-ը:
Միլերը հայտնել է Սպիտակ տան ղեկավարի մտադրության մասին օգնելու իր կուսակիցներին վերադարձնել օրենսդիր մարմնի երկու պալատների վերահսկողությունը այն բանից հետո, երբ շաբաթ իր հետ քննարկել է մի շարք հարցեր: «Նախագահ Թրամփը մինչեւ հիմա ամերիկյան քաղաքականության մեջ ամենախոշոր անունն է, նախագահը մինչեւ հիմա Հանրապետական կուսակցության առաջնորդն է: Նրա քաղաքական աջակցությունը կլինի ամենապահանջվածը 2022 թվականի միջանկյալ ընտրություններում»,- կարծում է պետության ղեկավարի խորհրդականը: Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, նա բաց է թողել հնարավորությունը, որ Թրամփը կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում:
Կոնգրեսում պետության ղեկավարի կողմնակիցների անկարգություններից հետո որոշ հանրապետականներ դադարել են նրան աջակցել եւ անգամ արտահայտվել են իշխանությունից նրան հեռացնելու օգտին: Դրանից բացի, նրանք իրենց կուսակցին են մեղադրում Կոնգրեսի Սենատում վերահսկողությունը կորցնելու մեջ Ջորջիա նահանգում ընտրությունների երկրորդ փուլում հանրապետականների պարտությունից հետո:
The Washington Post-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Թրամփը չորեքշաբթիից չի խոսում անցած ընտրություններում իր գործակցի՝ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Բանն այն է, որ ինչպես կարծում է Սպիտակ տան տերը, Փենսն իրեն դավաճանել է: Հինգշաբթի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը համատեղ նիստում հաստատել էին նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում: Փոխնախագահը նախագահել էր նիստում եւ հայտարարել դեմոկրատի հաղթանակի մասին:
Չորեքշաբթի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին օրենսդիր մարմնի շենք՝ խոչընդոտելու նոյեմբերի 3-ին տեղի ունեցած պետության ղեկավարի ընտրությունների արդյունքների հաստատմանը, որոնց ժամանակ հաղթել է Բայդենը: Իշխանությունների տվյալներով՝ Վաշինգտոնում անկարգությունների ժամանակ ոստիկանության կողմից գնդակահարվել է ցուցարար կին: Դրանից բացի, հաղորդվել էր, որ գրանցվել են իրար հետ չկապված եւս երեք մարդու մահվան դեպքեր, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ դեպք: Բախումներից հետո մահացել է նաեւ Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից:




























