Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը իր կառավարման տարիներին ցանկանում էր ոչնչացնել Վենեսուելան եւ իրեն սպանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իշխանության լինելու չորս տարիների ընթացքում Դոնալդ Թրամփի գլխավոր թիրախը Վենեսուելան էր: Մեզ եւ ինձ ոչնչացնելը: Նա մի քանի անգամ հրամայել է ինձ սպանել»,- ասել է Մադուրոն կիրակի Կարակասում ելույթ ունենալիս: Նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Վենեսուելայի նախագահը կարծում է, որ Թրամփը «համաշխարհային քաղաքականության մեջ առավելագույն ատելության, բռնության եւ ագրեսիայի» մարմնացումն է:
Վենեսուելայում իրավիճակը սրվել էր, երբ 2019 թվականի հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում դրանից 2 օր առաջ չեղարկել էր Գերագույն դատարանը, իրեն հայտարարել էր նախագահի պաշտոնակատար: Նրան պետության ժամակավոր ղեկավար էր ճանաչել ԱՄՆ-ն, որին միացել էին Լիմայի խմբի երկրները (Մեքսիկայի բացառությամբ), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ Եվրամիության անդամների մեծ մասը: Մադուրոն տեղի ունեցածն անվանել էր հեղաշրջման փորձ եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրա աջակցությամբ էին հանդես եկել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան:




























