Հայ ազգային կոնգրեսի համար արտահերթ ընտրությունների անցկացումն առաջանային խնդիր չէ, այլ ընդամենը դեմքը պահելու միջոց:
Հունիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ու հավելեց. «Ամենաշատը, ինչի մասին կարող է խոսք գնալ բանակցությունների ընթացքում, խորհրդարանում ՀԱԿ-ի ներկայացվածության աստիճանի հարցն է»:
«Իր մի շարք քայլերով, ինչպես օրինակ կոալիցիոն հուշագրին որեւէ կերպ չարձագանքնելն էր, ՀԱԿ-ը ցույց տվեց, որ իշխանության վերատադրության հարցն իրեն չի մտահոգում, ինչն էլ նշանակում է, որ կայանալիք ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն իշխանություններին այլընտրանք չի դառնա։ Այդ ուժը կարծես ընդունում է, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի հաջորդ նախագահը եւ ինքն իրեն վերարտադրի։ Այն, ինչ այժմ կատարվում է երկու ուժերի միջեւ, իմիտացիոն բնույթ է կրում եւ շատ տխուր է ավարտվելու։ Պատճառն այն է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ վստհության զրոյական մակարդակ է»,- նկատեց Սաֆարյանը։
Նրա խոսքով, թե ներքաղաքական, եւ թե մի շարք այլ խնդիրների հանդեպ (ԼՂ հակամարտություն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում եւ այլն) ՀԱԿ-ն ու իշխանությունները միատեսակ մոտեցումներ ունեն, եւ հնարավոր երկխոսության կայացման պարագայում կողմերից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է՝ ինչ պետք է անի եւ հանուն ինչի։
Ամփոփելով՝ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ թե’ իշխանությունը եւ թե’ ՀԱԿ-ը ժամանակ են ձգում եւ երկխոսություն սկսելու հարցում առանձնապես չեն շտապում։ «Բայց եթե երկխոսություն այնուամենայնիվ կայանա, ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների թեման քննարկվելիք խնդիրների շրջանակներում չի տեղավորվելու»,- իր համոզմունքը կրկնեց պատգամավորը։
Նշենք, որ մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել (այն արդեն կազմվել է), որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները, մինչդեռ իշխանական թեւը հրաժարվում է բանակցությունների ձեւաչափից եւ կողմ արտահայտվում սովորական քննարկումներին։



























