Եթե անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ՀԱԿ-ը բացառվում է, որ պարտություն կրի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Եթե ընտրական գործընթացները տեղի ունենան կեղծիքներով, բռնություններով, բնականաբար ՀԱԿ-ը կպարտվի; Իսկ եթե լինեն թափանցիկ ու արդար ընտրություններ, ՀԱԿ-ը, զգալի ձայներ հավաքելով լրջագույն դերակատարություն կունենա ապագա խորհրդարանում»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը` միաժամանակ հավելելով, որ ՀԱԿ-ը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չի կազմի: NEWS.am-ի հարցին, թե ինչ տարբերություն հերթական եւ արտահերթ ընտրությունների միջեւ, եթե այդ ընտրությունները կազմակերպելու է իշխանությունը` կիրառելով նույն մեխանիզմներն ու տրամաբանությունը, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց, թե տարբերությունն էական է: «Երբ հայտարարվում է արտահերթ ընտրությունների մասին, հասարակությունը հասկանում է, որ երկրում ձեւավորվել է տրամադրություն եւ կա քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, որը կարողացավ հասնել արտահերթ ընտրությունների: Հետեւաբար` մթնոլորտ է փոխվում երկրում, իսկ նման մթնոլորտում կեղծելը շատ ավելի դժվար է լինում, քան հերթական ընտրությունների ժամանակ»,-բացատրեց Սարգսյանը:
Նա նաեւ նշեց դիտորդական առաքելությունների հանգամանքը, որոնք հերթական ընտրությունների ժամանակ դրսեւորում են մի, հերթականի դեպքում` բոլորովին այլ վերաբերմունք: Սարգսյանի խոսքով, եթե դիտորդական առաքելությունները նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ գործում էին «կեղծիքները չտեսնելու առաքելությամբ», ապա արտահերթ ընտրությունների ժամանակ պիտի շահագրգռված լինեն առաջնորդվել կեղծիքները տեսնելու եւ արձանագրելու սկզբունքով: Խոսքը հատկապես այն երկրների ներկայացուցիչ դիտորդների մասին է, որոնք մասնակցություն ունեն Հայաստանի պետական խնդիրների լուծման գործում:




























