ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր` հունիսի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Բարդա ուղղությամբ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS>am-ին հայտնում են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկումը կատարել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Դիտարկման ժամանակ, աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հատել են շփման գիծը նախապես ականազերծված հատվածով:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:



























