Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական օրակարգում չկան եւ չեն կարող լինել այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի քննարկել անգամ ամենաարմատական ընդդիմախոսների հետ: Այս մասին այսօր` հունիսի 7-ին հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` Մեծ Բրիտանիայի փոխդեսպան եւ հյուպատոս Գերըթ Ուին Օուենիի հետ հանդիպման ժամանակ:

Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ի համագումարը դեռեւս մարտի 1-2-ի դեպքերից հետո էր արձանագրել, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը չեն կարող նպաստել երկրում բարեփոխումների առաջ մղմանը, եւ միայն քաղաքացիական համերաշխությունն ու հանդուրժողականությունը, միմյանց տեսակետը եւ ձայնը լսելու մշակույթը կարող են նպաստել երկրում սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Ուստի, խմբակցության ներկայացուցչի գնահատմամբ, ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջեւ երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու եւ միասնական լուծումներ գտնելու մշակույթին: Պարոն Օուենի խնդրանքով Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ-ի տեսակետը Հայաստանի տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ եվրաինտեգրման խնդիրների շուրջ: