Երեւանում հունիսի 7-ին հայերն ու ամերիկացիները միասին նշել են Միացյալ Նահանգների անկախության ու Անկախության հռչակագրի ընդունման  235-րդ տարեդարձը:

ԱՄՆ դեսպանատանը կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը եւ ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման սկզբում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների օրհներգերի կատարմամբ հանդես են եկել Ինգա եւ Անուշ Արշակյանները, իսկ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացնում էր ամերիկյան ջազ: 

Այս միջոցառմամբ նաեւ նշվում էր դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը, ով վերադառնում է Վաշինգտոն եւ զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարության Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի  պաշտոնը: Դեսպան Յովանովիչն առիթն օգտագործելով շնորհավորել է Հայաստանին` անկախության 20-ամյա տարելիցի առիթով եւ բաժակ բարձրացրել հայ-ամերիկյան բարեկամության համար, որը հիմնված է ժողովրդավարության, ազատության եւ խաղաղության հարցում փոխադարձ օգնության  եւ հարգանքի վրա:

Անկախության տոնը նշվում է 1776թ. հուլիսի 4-ից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան եւ Անկախության հռչակագրի ընդունման օր: