Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը երեկ Արաբկիրի դատարանում վկայություն է տվել կապված իր քրոջ որդու` Արսեն Ահարոնյանի, նրա ընկերոջ` Պետրոս Գրիգորյանի եւ վերջերս ձերբակալված Վռամ Բաղդասարյանի գործով դատաքննության շրջանակներում:

Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո «ՉԻ» թղթակիցը զրուցել է Շահինյանի հետ եւ հետաքրքրվել, թե չի՞ պատրաստվում արդյոք վերջինս առաջադրվել Արաբկիր վարչական շրջանում որպես պատգամավորի թեկնածու: Ի պատասխան` Շահինյանն ասել է, որ մտադրություն ունի առաջադրվել թիվ 5 ընտրատարածքում: «Եթե իմ կուսակցությունն ու նրա նախագահը հարմար գտնեն` կառաջադրվեմ 5-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով, եթե ոչ, ապա կլինեմ ՀՀԿ համամասնական ցուցակում եւ բոլորի նման ու բոլորի հետ միասին կաշխատեմ մեր ցուցակի համար»,-ասել է Շահինյանը: Ի դեպ` թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով այս խորհրդարանում պատգամավոր է «նշանակվել» ՀՀԿ-ական Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը: