Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել են այս շուկայի գերիշխողները: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:
Այսպես` հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» եւ «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66 տոկոսը:
Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» եւ «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը:
Հանձնաժողովը տեղեկացնում է նաեւ, որ սուրճի շուկայում սկսված ուսումնասիրության ընթացքում տեղեկատվություն էր պահանջվել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից:
Այսօր՝ հունիսի 8-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա» եւ «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ:




























