Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունիսի 8-ին ընդունել է Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախագահ Սահակյանը, կրկին անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետ քաշման հարցին, ընդգծել է, որ դա կհանդիսանա փոխվստահության միջոցների իրականացման կարեւոր բաղադրամասերից մեկը եւ դրականորեն կազդի բանակցային գործընթացի վրա:

Բակո Սահակյանը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: