Կազանի հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը փորձում է իր դիրքորոշումր որպես կառուցողական ներկայացնել, սակայն վերջին օրերին Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ Իլհամ Ալիեւը հանդիպման է գնալու ոչ ինչ-որ համաձայնության գալու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

Նրա խոսքով` տարբեր տրամաչափի ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները պարզապես քարոզչական նախապատրաստություն են:

ԼՂՀ շուրջ անվտանգության գոտուց զորքերի դուրս բերման հայտարարության առնչությամբ Վ. Աթանեսյանը նշեց, որ նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախագահ Ալիեւը հստակ պատկերացում չունեն ներկայիս իրավիճակի եւ ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների Դովիլյան հայտարարության էության մասին:

Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվում պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, համաձայնեցնել դրանք, այսինքն` խոսքը հայեցակարգի, ոչ թե կոնկերտ քայլերի մասին է: «Ռուսական լավ ասացվածք կա, որը բնութագրում է ադրբեջանական կողմի նման մոտեցումը` սայլը ձիուց առաջ դնելու մասին», -նշեց ղարաբաղցի պատգամավորը` ավելացնելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչների տոնայնությունն այնպիսին է, թե իբր ամեն ինչ համաձայնեցված է, մնում է ձեռնամուխ լինել «զորքերի դուսր բերմանը»: «Սա լուրջ մոտեցում չէ:  Ադբբեջանը  հրետանային նախապատրաստություն է անցկացնում`  քողարկելու համար սեփական հակաարդյունավետ դիրքորոշումը», -հայտարարեց Վ. Աթանեսյանը: