Կիպրոսի հունական հատվածում ապրող հայերն իրենց անհանգստությունն են հայտնել հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված, եւ պատրաստել են բաց նամակ ուղղված Հայաստանի նախագահին։ Այս մասին տեղեկացնում է Kibrisgazetesi կայքէջը՝ հղում անելով հունական «Սիմերինի» թերթին:

Կիպրոսի հայ ազգային կոմիտեի նախագահ Հակոբ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ կարդացել է բաց նամակը։ «Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների որոշ կետեր վտանգավոր են հայկական հարցի եւ այդ ուղղությամբ որոշ պահանջների համար։ Իհարկե, Հայաստանը իրավունք ունի բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, սակայն պետք երաշխիքներ լինեն Հայկական հարցի եւ Ղարաբաղի հետ կապված խնդիրներում։ Եթե այդ արձանագրությունները ստորագրեք, ամբողջ ազգին կթողնեք շատ վտանգավոր իրադարձություններին դեմ հանդիման, որից ետդարձի ճանապարհ չի լինի»,-ասված է բաց նամակում։