Սինգապուրի իշխանությունները 10-ական հազար սինգապուրյան դոլար (7,5 հազար դոլար) են վճարելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո ծանր կողմնակի էֆեկտների դեպքում: Երկրի առողջապահության նախարարության նոր ֆինանսական ծրագրի մասին հայտնել է The Straits Times-ը:
«Այս նախաձռնությունն ուղղված է պատվաստման անհրաժեշտության հանդեպ բնակիչների վստահության աճին»,- նշված է գերատեսչության պարզաբանման մեջ: Միանվագ վճարում կկատարվի մասնավորապես նրանց, ում վիճակը կպահանջի հոսպիտալացում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մահվան կամ ծանր բարդությունների դեպքում, որոնք ազդեցություն կունենան հետագա կյանքի վրա, կառավարությունը կվճարի 225-ական հազար սինգապուրյան դոլար (169 հազար դոլար):
Երկրի առողջապահության նախարարությունից հստակեցրել են, որ ծրագիրը նախատեսված է ոչ միայն Սինգապուրի քաղաքացիների համար, այլեւ մշտապես բնակվող օտարերկրացիների եւ նրանց ընտանիքների անդամների համար:
Սինգապուրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է անցյալ տարվա վերջից, Pfizer եւ BioNTech ընկերությունների դեղամիջոցն առաջինը ստացել են բուժաշխատողները, այնուհետեւ կառավարության անդամները՝ վարչապետ Լի Սյան Լունի գլխավորությամբ, ինչպես նաեւ ռիսկի խմբի մեջ մտնող քաղաքացիները: Բնակչության պատվաստումը մեկնարկել է հունվարի 27-ից, ակնկալվում է, որ բնակիչների մեծամասնությունը կկարողանա պատվաստվել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում:





























