Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ի երեկոյան հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տիրող տնտեսական վիճակը եւ իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Իր հերթին, Վիկտոր Օրբանն անդրադարձել է Հունգարիայի տնտեսությանը, այնտեղ առկա վիճակին: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում` տնտեսական բարեփոխումների եւ վերակազմավորման ընթացքի վերաբերյալ: Վարչապետները միմյանց հրավիրել են այցելել իրենց երկրներ:

Նշենք, որ Վիկտոր Օրբանը հանդիսանում է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը: Հանդիպման ժամանակ խոսակցություն է ծավալվել նաեւ ԵԺԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դիմել է ԵԺԿ-ի ասոցացված անդամակցության համար: