Վիեննայում Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման շրջանակներում Հայաստանի ու Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջեւ վարկի տրամադրման մասին պայմանագիր է ստորագրվել:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը: Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միաջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: Քսան միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը: Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես մանրածավալ արտադրողները, պտղի եւ ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաեւ լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները: Վարկի մարումը կսկսվի հինգ տարի հետո: Մարման ժամկետը տասնհինգ տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ընդհանուր նպատակը գյուղական համայնքների աղքատության նվազեցումն է: Կարեւորելով այս վարկի ստացումը` նախարարը նշել է, որ այն կօգնի հանրապետությունում շատ արագ բարելավել սպասարկումը եւ ստեղծել գյուղատնտեսական կարողություններ: