Հայկական կոնյակ արտադրող առաջատար ընկերություններից մեկը`Great Valley-ին, շուտով կհայտարարի հայ գյուղացիական տնտեսություններին այս տարվա բերքի համար անտոկոս վարկեր հատկացնելու մասին: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարկային միջոցները հիմնականում պետք է ուղղվեն պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի եւ փոխադրամիջոցների վերանորոգմանն ու վարձակալությանը:
Great Valley-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մինչ մայիսի վերջը վճարել է 2010 թ. խաղողի բերքի մթերումների համար եւ ներկայումս գյուղացիական տնտեսություններին պարտքեր չունի: Այս պահին ընթանում է գնումների նոր գործընթացի նախապատրաստումը: «Մեր գործարանների եւ մթերման կետերի դռները մշտապես բաց են խաղողագործների առջեւ, որոնց արտադրանքի համար կվճարենք նոր վարկային ծրագրի շրջանակներում, դրանց պայմանները նախադեպը չունեն Հայաստանում», - նշեց Great Valley-ի գլխավոր տնօրեն Լեւոն Արզաքանցյանը:
Չնայած հայկական կոնյակի արտահանման անկմանը, որ կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, Great Valley-ն սկսել է վերականգնել իր արտադրանքի իրացումը հիմնական շուկաներում: Այս նպատակով 2010 թ. ստորագրվեց պայմանագիր միջազգային Whitehall ընկերության հետ, որը Ռուսաստանում «պրեմիում» դասի ալկոհոլային ըմպելիքների առաջատար ներկրողն է եւ մատակարարը: Նրա մատակարարման շրջանակում են այնպիսի հանրահռչակ բրենդեր, ինչպես Hennessy կոնյակը, Dom Perignon, Moet & Chandon и Veuve Cliquot շամպայնները, Jose Cuervo թեքիլան, Glenmorangie վիսկին եւ այլք: 2011 թվականին Whitehall մտադիր է վաճառել ավելի քան 2 մլն շիշ Great Valley-ի կոնյակներ, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի ռուսաստանյան շուկայի 10 տոկոսին:
Արտադրության ծավալներով, արտահանմամբ եւ վաճառքով Great Valley-ի ընկերությունը Հայաստանում գրավում է առաջատար դիրքերից մեկը: Նրա արտադրանքի հիմնական մասը մատակարարվում է Ռուսաստան, ինչպես նաեւ ԱՄՆ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներ: Great Valley-ի կոնյակները նվաճել են շուրջ 300 պարգեւներ միջազգային եւ ազգային մրցույթներում, այդ թվում` ավելի քան 20 Գրան Պրի եւ Սուպեր Գրան Պրի:




























