Տրանսնացիոնալ կորպորացիաների համար ոչ այնքան վտանգավոր են կոռուպցիան եւ ներդրումային միջավայրը, որքան պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը: Այս մասին հունիսի 8-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ:

Նրա խոսքով, ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին եւ միջին ու մանր բիզնեսին:

«Որովհետեւ առանց փոքր ու միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման` քաղաքացիական հասարակություն: Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն: Եվ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանմամբ է հնարավոր հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ լինի», - նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ առաջին դեղամիջոցը կառուցվածքային բարեփոխումներն են: Անհրաժեշտ է, որ իշխանության մոտ լինի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: «Որտեղի՞ց է առաջանում այդ քաղաքական կամքը: Վերջինս ի հայտ է գալիս, երբ համոզմունք կա այն ծրագրերի ճշմարտության մեջ, որոնք իրականացնում ես: Եթե իշխանության գլուխ կանգնածների մոտ կա այդ համոզմունքը, որ դա լավ է երկրի, ժողովրդի ապագայի համար, ապա իշխանություններն իրականացնում են այդ բարեփոխումներըե, - ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ գործընթացներ, որոնք ընթանում են Ռուսաստանում, ազդում են Հայաստանում ընթացող գործընթացների վրա: Սա պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն աշխատում են միասնական տնտեսական տարածությունում, նրանց մենթալիտետները, մշակութաբանական միջավայրը միմյանց շատ նման են: