Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած Ուզբեկստանի 10-ամյա քաղաքացուհու մոտ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել: Սա երկրում COVID-19-ի այս տեսակի գրանցման առաջին դեպքն է, ասել է առողջապահության փոխնախարար, սանիտարահամաճարակային բարեկեցության ծառայության պետ Բախոդիր Յուսուպալիեւը, հաղորդում է Gazeta.uz-ը:
Վիրուսը հայտնաբերվել է 2010 թվականին ծնված Տաշքենդի բնակչուհու մոտ, ով ընտանիքի հետ Դուբայից հունվարի 23-ին է վերադարձել: Օդանավակայանում արագ թեստը դրական արդյունք է ցույց տվել, եւ նրան ուղարկել են ինֆեկցիոն հիվանդանոց:
Նույն օրը կատարվել են ֆունկցիոնալ-կլինիկական հետազոտություններ եւ COVID-19-ի անախտանիշ ընթացքի ախտորոշում: Ընտանիքի մնացած անդամների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, եւ նրանք գտնվում են տնային կարանտինի մեջ:
Նախարարությունը նշել է, որ ներկայումս հիվանդի վիճակը գնահատվում է բավարար, որեւէ գանգատ նա չունի:
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հիշեցրել է սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելու, դիմակներ օգտագործելու եւ հասարակական վայրերում սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին:
«Մենք մեր համաքաղաքացիներին խնդրում ենք ժամանակավորապես առանց անհրաժեշտության արտասահմանյան ուղեւորություններ չկատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























