Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 15:30-ի սահմաններում, 57-ամյա Մամիկոն Մարտիրոսյանը՝ իր վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս չպարզված հանգամանքներում, Քաջարանի վարչական տարածքի Գիրաթաղ կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: