Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: Այս մասին հունիսի 8-ին Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել, որ Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից, երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն:

«Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետեւ մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով եւ մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, եւ դրան շատ դժվար է գնահատական տալ», - ասել է ՀՀ վարչապետը: