Նախագահ Ջո Բայդենը կհայտարարի ԱՄՆ աջակցության դադարեցման մասին Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող հարձակողական գործողություններին, ինչը խորացրել է Արաբական թերակղզու ամենաաղքատ երկրի հումանիտար տառապանքները: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է AP-ն:

Այս քայլը կդառնա Բայդենի նախընտրական խոստման կատարումը, որի վարչակազմը նախատեսում է դիվանագիտությունն օգտագործել Եմենում հակամարտությունը դադարեցնելու համար:

Բայդենը կհայտարարի նաեւ Թիմոթի Լանդերքինգի Եմենում հատուկ բանագնաց նշանակվելու մասին։

Լանդերքինգը պետքարտուղարի օգնականի տեղակալն էր մերձավորարեւելյան բաժնում: Լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ՝ նա աշխատել է Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում եւ Մերձավոր Արեւելքի ու նրա սահմաններից դուրս այլ երկրներում:

Սաուդյան Արաբիան հարձակումը սկսել է 2015-ին՝ Եմենի հութի խմբավորմանը դիմակայելու համար: Այդ ժամանակվանից ի վեր Սաուդյան Արաբիայի գլխավորած օդային գործողությունների հետեւանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել: