Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով իր զրուցակցին պաշտոնը ստանձնելու առթիվ` Լավրովը թեմաների լայն շրջանակի շուրջ կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել:
Որպես Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսային խոսակցության զարգացում, զրուցակիցները ողջունել են Ռազմավարական սպառազինության սահմանափակման պայմանագրի երկարաձգումը մինչեւ 2026թ., ինչը կնպաստի միջազգային անվտանգության եւ ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակի ընդհանուր բարելավմանը։ Անդրադարձ է կատարվել սպառազինությունների վերահսկման ոլորտում կանխատեսելիության ապահովման հարցերին`հաշվի առնելով ԱՄՆ-ի դուրս գալը ՄՓՀՀ պայմանագրից, ինչպես նաեւ «Բաց երկնքի մասին» պայմանագրի հեռանկարների համատեքստում:
Միջազգային թեմաներից քննարկվել են, մասնավորապես, Սիրիայում եւ Լիբիայում խաղաղ կարգավորմանն աջակցելը, ինչպես նաեւ իրավիճակը Ուկրաինայում:
Լավրովը պետքարտուղարին հիշեցրել է Մոսկվայի կողմից նախկինում արված ռուս-ամերիկյան համատեղ առաջարկները՝ միջուկային պատերազմի անթույլատրելիության եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին:
Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որին անդրադարձել է Բլինքենը, նախարարը մանրամասն բացատրություններ է տվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը եւ դատական համակարգը հարգելու անհրաժեշտության մասին: Նա պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքող անձանց հետապնդման հետ կապված խնդիրների վրա եւ կոչ է արել ապահովել համապատասխան դատական ընթացակարգերի թափանցիկությունը:
Լավրովը հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է համատեղ աշխատանքի` երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը նորմալացնելու համար` փոխադարձ հարգանքի եւ շահերի հավասարակշռության հիման վրա: Ընդգծվել է երկու երկրների տարածքում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների գործունեության կուտակված դժվարությունները փոխադարձաբար վերացնելու պատրաստակամությունը: Բլինքենը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել փորձագիտական երկխոսություն այս հարցերի շուրջ:
Կողմերը կողմ են արտահայտվել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համագործակցության հաստատմանը, ներառյալ պատվաստանյութերի մշակման եւ կատարելագործման ոլորտում համագործակցությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական աշխատանքային շփումները պահպանելու մասին:





























