Արտաքին որեւէ ուժ չի ցանկանում պատերազմի վերսկսում Լեռնային Ղարաբաղում: Ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքները կարող են ծանր լինել, հատկապես այն սկսող կողմի համար: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Փորձագետի խոսքով, նոր ղարաբաղյան պատերազմում բլիցկրիգն անհնար է, եւ կորուստներն ահռելի կլինեն: Ընդ որում Ադրբեջանը պարտության դեպքում կկորցնի փոխզիջման որեւէ հույս: «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հարցը կոնսենսուսն է Փարիզի, Մոսկվայի, Վաշինգթոնի եւ Բրյուսելի միջեւ: Չեմ կարծում, որ Իլհամ Ալիեւը կանի այն, ինչն աղետալի հետեւանքներ կունենա»,- նշել է փորձագետը` հավելելով, որ Ադրբեջանը համապատասխան ռազմատեխնիկական հնարավորություններ չունի:




























