Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի ժողովրդին, իսկ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին: Այդ մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, թե երկխոսությունն անհրաժեշտ է ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանություններին:

«Քաղաքական գործիչը, որ երկրորդական է համարում ժողովրդի շահերը եւ առաջ է մղում այս կամ այն քաղաքական ուժի շահերը, սխալ է: Երկխոսությունը հարկավոր է մեր ժողովրդին, որպեսզի պետությունն ու ժողովուրդը դինամիկ զարգանան: Հարցը դրանումն է: Եւ յուրաքանչյուր քաղաքական գործչի ու քաղաքական ուժի համար ժողովրդի շահերը պետք է առաջնահերթ լինեն»,- նկատել է Մինասյանը:

Նա, սակայն, առանց պատասխանի է թողել հարցը, թե ակնկալվո՞ւմ է արդյոք առաջիկայում գործող նախագահ Սերժ Սարգսյանի կամ նրա լիազոր ներկայացուցչի ուղիղ արձագանքը Հայ ազգային կոնգրեսի առաջարկին: