«Նաիրիտի» հետ կապված անհրաժեշտ է մաքսիմալ տեղեկատվություն տրամադրել, ապահովել օբյեկտիվություն եւ թափանցիկություն: Այսօր` հունիսի 10-ին նման հորդորով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Առիթը` «Նաիրիտի» աշխատակիցների հերթական բողոքի ակցիան էր, ինչպես նաեւ մամուլում առավելապես բացասական շեշտադրումներով լույս տեսնող հոդվածները: «Վերջին շրջանում ակնհայտրեն ինչ-որ մարդիկ ուզում են այս ոլորտում ինչ-որ պատմություններ ստեղծել, վարկաբեկիչ հոդվածներ են գրում, ինչ որ ուղղություններ են տալիս: Դրա դեմ պայքարելու լավագույն ձեւը մաքսիմալ թափանցիկ ինֆորմացիա տրամադրելն է: Կարծում եմ, որ նաեւ դա կոլեկտիվին էլ կհանգստացնի, եթե օբյեկտիվ տեղեկատվություն ստանան»,- ասաց վարչապետը:

Ա.Մովսիսյանն էլ իր հերթին նշեց, որ առավելագույն թափանցիկ ձեւով ամեն ինչ գրված է նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ: Ըստ նախարարի` «Նաիրիտի» կառավարումը ստանձնելու առումով կան հետաքրքվողներ Լեհաստանից:

Սակայն Ա. Մովսիսյանը կառավարության նիստից հետո այդպես էլ չներկայացավ բրիֆինգին, թեեւ լրագրողներին խնդրել էին սպասել: Ավելին` նախարարը կառավարության շենքից կամ դուրս է եկել հետնամուտքով, կամ միտումնավոր սպասել է` մինչեւ լրագրողները կցրվեն: Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ով պետք է «Նաիրիտի» մասին տարածվող ասեկոսեները փարատի, եթե ոչ` այդ ընկերության պետական բաժնեմասը կառավարող պետական լիազորված մարմինը: