Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունն ուրբաթ օրն առավոտյան տեսահոլովակ է տարածել, որը վերաբերում է Աբխազիայի հետ հարաբերություններին, գրում է The New York Times-ը:

Կարճ հաղորդագրության մեջ երկրի արտգործնախարար Ալֆրեդ Կարլոն նշում է, որ Վանուատուն իրականում ճանաչել է Աբխազիան` որպես անկախ պետություն: Աբխազիան այդ մասին հայտնել էր դեռեւս 10 օր առաջ, սակայն այդ ժամանակ հիշյալ հայտարարությունը հերքվել էր ՄԱԿ-ում Վանուատուի կառավարության ներկայացուցչի կողմից: Տեսագրության մեջ Կարլոն, ով կրում է ծաղկավոր վերնաշապիկ, ներողություն է խնդրել կառավարության` մեկ շաբաթյա լռության համար, նշելով, որ չի կարողացել կապվել դեսպանի հետ:

Կարլոն չի բացատրել Աբխազիայի վերաբերյալ որոշումը, սակայն մի քանի դիտարկումներ է արել: Նա նշել է, որ խորհրդային ժամանակներում ուսանել է Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում, եւ որ Վանուատուի ներքին քաղաքականությունն ուղղված է «գաղութականությունը երկրի երեսից ջնջելուն»: «Առայժմ Աբխազիան ճանաչել են Ռոսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան եւ մեկ այլ խաղաղօվկիանոսյան կղզի` Նաուրուն: Աշխարհի մնացած մասը Աբխազիան համարում է Վրաստանի մաս»,-գրում է թերթը: