Վերջին երեք տարում Հայաստանում դատարանի վճռով սնանկ են ճանաչվել 1752 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք պետական բյուջեի նկատմամբ պարտք են 27 մլրդ դրամ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները։ Մասնավորապես՝ 2018–ին սնանկ են ճանաչվել 417, 2019–ին՝ 561, իսկ 2020–ին 774 տնտեսվարող սուբյեկտներ (անհատ ձեռնարկատեր, իրավաբանական, ֆիզիկական անձինք, կազմակերպություններ և այլն)։

Նկատենք, որ կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում սնանկ ճանաչված տնտեսվարողների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 213-ով կամ 40 տոկոսով։ Միայն 2020թ–ին սնանկ ճանաչված տնտեսվարող սուբյեկտների սնանկության վարույթների ընթացքում ՀՀ ՊԵԿ կողմից ներկայացվել են 10, 5 մլրդ ՀՀ դրամի չափով պահանջները հաստատելու մասին դիմումներ, ինչը հարկային եկամուտների հավաքագրման տեսանկյունից խիստ մտահոգիչ է։

Նշենք, որ որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ պահանջով, եթե պարտապանն անվճարունակ է: Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է։