Հաքերները կոտրել են ձայնային չաթերը Clubhouse սոցիալական ցանցում եւ հեռարձակել են դրանք կողմնակի ռեսուրսում, հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:
Սոցիալական ցանցի ղեկավարությունը շեշտել է, որ օգտատերը, ով անցած հանգստյան օրերին «սենյակների» գրառումներն այլ կայքերին էր փոխանցում, արդեն արգելափակվել է:
Դեպքից հետո ընկերությունը որոշել է լրացուցիչ քայլեր մշակել` օգտատերերի պաշտպանությունն ապահովելու համար:
Անվտանգության մասնագետ Ռոբերտ Փոթերը պարզաբանել է, որ հաքերը դիստանցիոն մուտք է միացրել իր էջին այլ անձանց համար:
«Գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ կարծում են, որ Clubhouse-ի խոսակցությունները գաղտնի են, սակայն դա բացարձակապես այդպես չէ»,- ասել է Փոթերը:
Clubhouse-ը սոցիալական ցանց է, որտեղ օգտատերերը շփվում են ձայնային հաղորդագրություններով` առանց ձայնագրման եւ հետագա տարածման հնարավորության: Հավելվածին միանալու համար հարկավոր է հրավեր ստանալ արդեն գրանցված օգտատիրոջից:




























