Թուրքիայում հունիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ պատգամավոր է դարձել ազգությամբ ասորի Էրոլ Դոռան։
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից Մարդինում ներկայացված անկախ թեկնածու Էրոլ Դոռան ծնվել է 1964-ին Շըրնաքի Սիլոփի շրջանում, ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Նա ասորական կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի փաստաբանն է:
Նշենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 49,9 տոկոս, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,9 տոկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 13 տոկոս։
Անկախ թեկնածուներով ընտրություններին մասնակցող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը հաջողվել է 35 պատգամավոր մտցնել խորհրդարան։




























