Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում բանտից դեպի խորհրդարան կուղեւորվեն  «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործի շրջանակներում որպես մեղադրյալ անցնող մի քանի անուններ։

«Էրգենեկոն»-ի գործով մեդադրյալ, լրագրող Մուսթաֆա Բալբայը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ցուցակով ընտրվել է Իզմիրից։

«Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալ, նախկին ռեկտոր, պրոֆ. Մեհմեդ Հաբերալը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ցուցակով ընտրվել է Զոնգուլդակից։

«Մեծ մուրճ» հեղաշրջման գործով անցնող մեղադրյալ, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը պատգամավոր է դարձել  «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից։ Նրա թեկնածությունը ներկայացված էր Ստամբուլում։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր է դարձել նաեւ Էրզինջանի նախկին գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները, ով «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալվել էր, սակայն ստորագրությամբ ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ դատական գործը դեռ ընթացքի մեջ է։

Սակայն «Էրգենեկոն»-ի  եւ «Մեծ մուրճ»-ի գործով անցնող մի շարք մեղադրյալներ չեն անցել խորհրդարան՝ բավարար քվե չստանալու պատճառով։  Նրանց մեջ է՝ «Բանվորական» կուսակցության նախագահ, երդվյալ հակահայ, որոշ տվյալներով՝ ազգությամբ հայ Դողու Փերինչեքը։