Հայ ազգային  կոնգրեսը ծայրահեղ ընդդիմադիր դաշտից անցում է կատարում դեպի կենտրոնամետ դաշտ, քանի որ հասկանում է, որ սեփական նախընտրական պայքարը ժողովրդի սոցիալական ըմբոստության վրա կառուցելը մեծ արդյունքների չի բերի. պատճառն այն  է, որ դժգոհության ալիքն այնքան էլ մեծ չէ։ Հունիսի 13-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Միակ վատ կողմն այն է, որ ՀԱԿ-ը, ծայրահեղ ընդդիմադիր դաշտից անցում կատարելով դեպի կենտրոնամետ դաշտ, բավական մեծ թվով ձայներ է կորցնում՝ մոտ 2/3-ը։ Հավանաբար, այս ամենից հետո նրան հավատարիմ կմնա ընտրողների 1/3-ը։ Բայց հեռացողները կկազմեն ընդամենը 4-5 տոկոս։ Այստեղ ավարը բավականին մեծ է, ՀԱԿ-ն իր օգտին կարող է հավաքել մինչեւ 15-20 տոկոս ձայներ, այսինքն՝ մեր գնահատականներով 20-25 տոկոս ընդդիմադիր եւ իշխանամետ ձայների մի զանգված կարող է դառնալ ՀԱԿ-ի նախընտրական պայքարի արդյունք»,- ասաց սոցիոլոգը՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե որոշ ժամանակ առաջ պայքարը ընդդիմություն-իշխանություն բնույթի էր, ապա այժմ պայքար կա ինչպես «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի, այնպես էլ՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ:

Ամփոփելով՝ Ահարոն Ադիբեկյանը հույս հայտնեց, որ կան բոլոր նախադրյալները՝ պնդելու, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունները Հայաստանում ավելի արդար եւ թափանցիկ են անցնելու։ «Զարմանալի է միայն այն, որն ՀԱԿ-ը, չձգտելով միավորել ընդդիմությանը, զարմանալի ֆենոմեն է ցուցաբերում եւ գնում բանակցությունների»,- ասաց նա։