Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու Ղարաբաղի խնդիրն այս պահին Թուրքիայի համար երկրորդական խնդիրներ են: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Մեկնաբանելով Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները` փորձագետը նկատել է, թե կառավարող կուսակցությունը մնաց իշխանության ղեկին, բայց նրան չհաջողվեց ստանալ ձայների երկու/երրորդը: Ըստ Կիրակոսյանի, հատկանշական է, որ ընտրությունների ընթացքում չէին խաղարկվում Հայաստանի հետ հարաբերություններն ու Ղարաբաղի խնդիրը: Սակայն, փորձագետի խոսքով, դա կարող է բավական բացասական իմաստ ունենալ, Թուրքիայի իշխանությունները թեման «փակ» են համարում եւ չեն պատրաստվում դավաճան դառնալ:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին, փորձագետը նշել է, թե Թուրքիայում հանրությունը հակվում է արեւելյան հարեւանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, սակայն իշխանությունները դեռ վերամբարձ դիրք են զբաղեցնում այդ հարցում, իսկ Հայաստանը ոչ բարեկամ, ոչ թշնամի են համարում:




























