Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 14-ին ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ակտիվացումը:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ՝ նշելով, որ այստեղ նույնպես կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան Արեւելյան գործընկերության նախաձեռնողներից մեկն է:

Ընդգծելով երկու երկրների միջեւ առկա հնարավորություններն ու ներուժը՝ երկուստեք կարեւորվել է հայ-շվեդական համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: