Արցախի պետականության առջեւ ծառացած ամենագլխավոր խնդիրներից մեկը հիմա եւ մոտ ապագայում Արցախի աշխարհաքաղաքական գործոն լինելու եւ սուբյեկտության պահպանումն է: Այս մասին ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արցախի գործոն եւ սուբյեկտ լինելը, այսինքն՝ նրա աշխարհաքաղաքական կապիտալը այսօրվա դրությամբ երկու հիմնական ուղղություններում է: «Առաջին՝ անգամ պակասած, անգամ տարածքի 80 տոկոսը կորցրած, Արցախի աշխարհաքաղաքական կապիտալը նրա աշխարհագրական դիրքն է, նրա գոյությունը՝ որպես այդպիսին: Ընդ որում՝ Արցախի գոյությունը աշխարհաքաղաքական կապիտալ է ոչ միայն հայկական պետականության համար, այլեւ տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհաքաղաքականության համար: Մենք մեր գոյությամբ զսպում ենք մի շարք անչափ վտանգավոր եւ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական մարտահրավերներ: Դա առաջին հերթին պանթյուրքիզմն է, որն ակտիվորեն առաջ է մղվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

Կապիտալի երկրորդ մասը Արցախի դերն ու տեղն է ներհայկական հասարակական-քաղաքական կյանքում: Մենք պետք է հասնենք նրան, որ Արցախը որպես գաղափար, որպես արժեք առանցքային դերերից մեկը խաղա ներհայկական հասարակական-քաղաքական կյանքում: Արցախ բառը ամբողջ հայության համար պետք է լինի յուրատեսակ ուղերձ, պատգամ: Սա նշանակում է, որ Արցախը ոչ թե իր խոսքը պետք է ասի մանրուքների վերաբերյալ, այլ ամենակենսական հարցերի: Մենք այստեղ պետք է վճռորոշ ձայն ունենանք: Այս գործընթացն ունի ոչ միայն գլոբալ արտաքին կողմ, այլեւ շատ կարեւոր քայլեր ամենաառաջնային մակարդակում: Առաջին մակարդակում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող գործընթացները, «հողի» մեջ կարող են շատ վտանգավոր սերմեր ծլարձակել:

Անհրաժեշտ է հայրենասիրական դաստիարակություն վաղ մանկությունից, անհրաժեշտ է Արցախի պատմությունը, դերը եւ տեղը: Անհրաժեշտ է նաեւ անչափ զգույշ վերաբերվել ոչ քաղաքական թվացող ասպեկտներին: Օրինակ՝ կան դեպքեր, երբ Արցախում ծնված մարդիկ Հայաստանում անձնագիր են ստանում, որի մեջ ծննդավայրը նշված է «Ադրբեջան»: Անձամբ ինձ այդպիսի դեպք հայտնի է: Ես իմ աչքով եմ տեսել այդպիսի անձնագիրը, որը մարդը ստացել էր 2020 թվականի նոյեմբերի վերջին Սեւանում: Ի՞նչ է, Սեւանի անձնագրայինը Ստեփանակերտը Ադրբեջա՞ն է համարում: Այդ դեպքում անձնագրայինի այդ աշխատողը ինչո՞վ է տարբերվում այն կիսախելագար կնոջից, որը բղավում էր, թե Շուշին ադրբեջանական է:

Այսպիսի բաներին անհրաժեշտ է անչափ զգույշ մոտենալ, հենց դրանք են բացասական գործընթացների հիմքը դնում: Այս սերմերը սարսափելի ծիլեր են տալիս, մեր ժողովրդի համար վտանգավոր: Գործընթացը պետք է համապարփակ լինի, եւ այստեղ չեն կարող մանրուքներ լինել: Փոքր ճաքը կարող է հանգեցնել վիթխարի ամրոցների կործանման: Առավել եւս, որ թշնամին մշտապես փորձում է այդ ճաքը լցնել իր արատավոր գաղափարներով»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: