Անկարան անհանգստացած եւ մտահոգված չէ այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի զրուցել իր թուրք գործընկերոջ հետ, հինգշաբթի հեռուստատեսային հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, փոխանցում է Ahval-ը:

«Ես ընկալման հետ կապված խնդիրներ ունեմ այս հարցի շուրջ  քննարկումների մասով: Իմ խոսքերը կարող են մի փոքր կոշտ լինել, սակայն քննարկումներն ինձ հիշեցնում են անլիարժեքության բարդույթի մասին, որը կար նախորդ վարչակազմերում»,- ասել է Կալինը Haber Global-ին:

Ըստ Կալինի՝ Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ միշտ հաջողել եւ զարգացել են:

«Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը սկսեց աջակցել սիրիական քրդական խմբավորումներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է անվանում, իսկ Դոնալդ Թրամփը CAATSA-ի պատժամիջոցներ սահմանեց S-400-ի պատճառով»,- ասել է Կալինը՝ հավելելով, որ Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ «զրոյական գումարով խաղ չէր»:

Կալինը հերքել է Bloomberg-ի այն մեկնաբանությունները, որ Թուրքիան ազդարարել է իր մոտեցման հնարավոր փոփոխության մասին ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի նկատմամբ, որոնք լարվածություն էին առաջացրել Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի եւ Անկարայի միջեւ 2019 թվականին Թուրքիայի կողմից դրանց գնումից հետո: «Մենք միշտ արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Հետադարձ ճանապարհ չի լինի, դա մեր որոշումն է որպես ինքնիշխան երկիր, որը գործարք է կնքում մեկ այլ ինքնիշխան երկրի հետ»,- ասել է նա:

Իր պաշտոնը թողնելուց առաջ Թրամփը դեկտեմբերի կեսին հաստատել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք հիմնված էին «Պատժամիջոցների միջոցով ամերիկացի հակառակորդներին հակազդեցության մասին» օրենքի վրա (CAATSA), որը մեծ աջակցություն ստացավ ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում: