Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի բացառում, որ առաջիկայում վարչապետի ու ԲՀԿ ղեկավարի հանդիպումից հետո, հնարավոր է՝ հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։
«ԲՀԿ առաջնորդի ասուլիսից հասկացա, որ ինքը կողմ է, որ օր առաջ վարչապետը հրաժարական տա եւ ընտրություններ անցկացվեն, իսկ դա հակասության մեջ է դնում Հայրենիքի փրկության շարժման դիրքորոշմանը, որը նշում է՝ պետք է վարչապետը հրաժարական տա, ձեւավորվի ժամանակավոր Կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, եւ հետո միայն ընտրություններ լինեն։ Կարծես թե ԲՀԿ–ն այլ դիրքորոշում հայտնեց այդ կապակցությամբ։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ 30%-անոց ընդդիմությունը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրել, այսինքն՝ նա հասկացրեց, որ չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Ինքը ցույց տվեց, որ ինքնուրույն քաղաքական գործոն է հանդիսանում եւ ճիշտ է՝ ինքը Հայրենիքի փրկության շարժման կազմում է, բայց այլ դիրքորոշում է արտահայտում։ Իհարկե, հստակեցման կարիք կա՝ նա կողմնակի՞ց է, որ վարչապետի հրաժարականից անմիջապես հետո տեղի ունենան ընտրություններ, թե ոչ, եթե կողմ է անմիջապես ընտրություններին, ապա նրա դիրքորոշումը տարբերվում է շարժման դիրքորոշումից»,– NEWS.аm-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Իշխանությունները ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպայակազմի պահանջից հետո այդպես էլ չեն հայտարարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու պատրաստակամության մասին։
«Վարչապետը վստահություն չունի, որ իր հրաժարականի դեպքում, օրինակ, եթե ԼՀԿ–ն առաջադրի Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ապա ԲՀԿ–ն եւ «Իմ քայլի» մի մասը չեն քվեարկի նրա օգտին։ Նա զգուշանում է. նա վստահ չէ իր կողմնակիցների վրա, որովհետեւ գիտի՝ նրանք ուղղակի ուսապարկեր են, իսկ ուսապարկերը քվեարկում են ոչ գաղափարական սկզբունքներից ելնելով։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, երբ ընդդիմությունը ուժեղացնի ճնշումը իշխող քաղաքական ուժի վրա, բայց ինչպես նկատում եմ, անգամ այս պայմաններում իշխող քաղաքական ուժը նպատակադրվում է գնալ ընտրությունների, որովհետեւ երկիրը կանգնած է, տնտեսական, քաղաքական զարգացում չկա, կոլապսից պետք է դուրս բերել երկիրը։ Ես, իհարկե, չեմ ասում, որ 100%-ով գնալու են ընտրությունների, որովհետեւ Հայրենիքի փրկության շարժման գործողություններն անհաջող են, ինչն էլ կարող է դրդել՝ չգնալ ընտրությունների։ Բայց զինվորականների առաջին մեսիջը վարչապետը չընդունեց, իսկ եթե դրան հետեւի զինվորականների գործողություննե՞րը։ Ամեն ինչ էլ հնարավոր է, հիմա Հայաստանի սուբյեկտիվությունը շատ ցածր է, եւ՛ ներսից, եւ՛ դրսից, տարբեր ուժեր կարող են սցենարներ Հայաստանում իրականացնել։ Հիմա անհասկանալի է, թե ինչու է Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտան փակ պահում, որովհետեւ եթե ուզում են իշխանությունների համար խնդիրներ ստեղծել, ապա պետք է կառավարելի քաոս ստեղծել, մոտավորապես կրկնել այն, ինչ 2018թ.–ի ապրիլ–մայիսին ընդդիմությունն արեց, ինչն այսօր չի արվում։ Բացի այդ ես չեմ տեսնում, որ քաղաքական ուժերը պատրաստ են ընտրությունների, որովհետեւ 50% հավանականությամբ ընտրությունները կարող են լինել մայիսի վերջին հունիսի սկզբին, բայց ինչպես նկատում եմ, քիչ թե շատ ընտրություններին իրավական կամ ոչ իրավական ճանապարհով պատրաստվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մյուսները անհասկանալի վիճակում են գտնվում»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հայրենիքի փրկության շարժումը բազմիցս է հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին չեն մասնակցի, քանի որ վստահ են, որ նա ընտրակեղծարարության է դիմելու, վարչական լծակներ օգտագործելու։ Արմեն Բադալյանը դա հավանական համարում է, բայց ասում է, որ ընդդիմությունը պետք է դրա դեմ պայքարի։
«Ընդդիմությունը սպասում է, որ վարչապետը մի օր արթնանա ու ասի՝ հարգելի ընդդիմադիրներ, վերցրեք վարչապետի պաշտոնը, ես գնացի, բայց այդպիսի բան չի լինում քաղաքականության մեջ»,– նկատեց նա։
Անդրադառնալով ԶՈՒ ԳՇ նախկին պետի ուղերձին, որում նա վերահաստատեց վարչապետի ու կառավարության հրաժարականը եւ հայտարարեց, որ իրեն պաշտոնից ազատելը հակասահմանադրական գործընթաց է, ուստի նա կդիմի Վարչական դատարան, Արմեն Բադալյանն ասաց.
«Ամենայն հավանականությամբ, Օնիկ Գասպարյանին «խորհուրդ» են տվել նման հայտարարությամբ հանդես գալ, որովհետեւ ինքը ապաքաղաքական անձնավորություն է։ Այդ մեսիջով փորձեցին խթանել, որ ժողովուրդն ավելի մեծ բազմությամբ դուրս գա փողոց, բայց այդ տարբերակը չաշխատեց եւ երկրորդ տարբերակի համաձայն ՝ դա մեսիջ էր վարչապետին, որ արտախորհրդարանական ընտրությունների գնա, հակառակ դեպքում ոչինչ չի խանգարում, որ նույնը կրկնվի, բայց արդեն գործնական ձեւով։ Գլխավոր շտաբի հայտարարությունը չէր կարող հենց այնպես լինել, այն կազմակերպված բնույթ էր կրում, որի ներքո ստորագրել են 40–ից ավելի բարձրաստիճան սպա։ Ոչ ոք չէր գնա ու հանուն Օնիկ Գասպարյանի նման փաստաթուղթ ստորագրեր, որովհետեւ այդտեղ հանցանք պարունակող գործողություն կար, եւ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հայտարարությունը ստորագրողները կարող են պատասխանատվության ենթարկվել, որովհետեւ ոչ միայն քաղաքական զսպվածություն չեն ցուցաբերել, այլեւ վարչապետի հրաժարականն են պահանջել, կամ էլ առնվազն՝ նրանք կարող են իրեն զբաղեցրած պաշտոնից ազատվել»։
Օնիկ Գասպարյանի՝ այլ կարգավիճակով ծառայությունը հայրենիքին եւ հայ ժողովրդին շարունակելու վերաբերյալ հայտարարությունը, քաղաքականություն մտնելու փորձ է համարում Արմեն Բադալյանը։
«Չեմ կարծում, թե նա քաղաքականությունում տեղ կունենա, նա բավականին վարկաբեկվեց, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ուներ նման հայտարարություն անելու, նա ընկալվեց որպես վախկոտ գործիչ, իսկ վախկոտները տեղ չունեն քաղաքականության մեջ»,– եզրափակեց քաղտեխնոլոգը։





























