Ֆրանսիան եւ Իտալիան նույնպես դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZenec-ի պատվաստանյութի օգտագործումը այն բանից հետո, երբ մի քանի երկրներ հայտնել են հավանական լուրջ կողմնակի ազդեցությունների մասին:

Ֆրանսիան հայտարարել է, որ դադարեցնում է պատվաստանյութի օգտագործումը՝ մինչ բժշկության ոլորտում ԵՄ կարգավորիչ մարմնի գնահատումը: Իտալիան հայտարարել է, որ դա «ժամանակավոր միջոց է»՝ մինչ կարգավորող մարմնի որոշումը:

Ավստրիան եւ Իսպանիան դադարեցրել են պատվաստանյութերի որոշակի խմբաքանակների օգտագործումը, իսկ Իտալիայի հյուսիսային Պիեմոնտ շրջանում դատախազությունը ավելի վաղ բռնագրավել էր 393 600 չափաբաժին այն բանից հետո, երբ մարդը մահացել էր պատվաստումից մի քանի ժամ անց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին հորդորել է չդադարեցնել պատվաստումները:

«Մինչ օրս որեւէ ապացույց չկա, որ դեպքերը պայմանավորված են պատվաստանյութերով, եւ կարեւոր է, որ պատվաստումների արշավները շարունակվեն, որպեսզի կարողանանք կյանքեր փրկել եւ դադարեցնել վիրուսի հարուցած ծանր հիվանդությունը»,- ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:

Գերմանիան, Նիդեռլանդները եւ Իռլանդիան նույնպես հայտարարել են AstraZeneca-ի պատվաստանյութի ժամանակավոր դադարեցման մասին: