Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդիսը քննադատել է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները Եվրախորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովում` Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ:
«Նման հռետորաբանությունը, լարվածությունը եւ միջադեպերը շփման գծում կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողության տակից, ինչպես դա եղել է Վրաստանում 2008թ.»,- ասել է Կասուլիդիսը, ով Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահն է:
«Այն ժամանակ, երբ Մադրիդյան սկզբունքները կոչ են անում վերջնական իրավական կարգավիճակը հստակեցնել պարտադիր կամարտահայտման միջոցով, պարոն Ալիեւը փորձում է նախապայմաններ պարտադրել` հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղը չի ունենա այլ կարգավիճակ, բացի Ադրբեջանի կազմում «ինքնավարությունից»,- ասել է նա:
Պատգամավորը նշել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ստանան ժողովրդի աջակցությունը` համաձայնության հասնելու համար: Իսկ Հայաստանի համար անհրաժեշտ է նաեւ Ստեփանակերտի աջակցությունը:




























