Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդները Կազանում հաջորդ շաբաթ որոշում են կայացնելու ղարաբաղյան հակամարտության հիմքերի նախագծի վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ աշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Ակնկալիքները մեծ են: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների «ամբողջական փաթեթը»,- ասել է Լուկաշեւիչը:
Նա նկատել է, թե փաստաթղթի ձեւակերպումները համաձայնեցվել են երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումներում, որ կայացել են Մոսկվայում ապրիլին եւ հունիսին: «Քննարկումներում հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում: Նախագահները քննարկելու են նոր մոտեցումները եւ համապատասխան որոշում են կայացնելու»,- հայտնել է դիվանագետը:
Նշենք, որ հունիսի 25-ին Կազանում Ռուսաստանի միջնորդությամբ կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իհամ Ալիեւի հանդիպումը:




























