Երկրի զարգացման հիմնաքարը կրթության բարձր մակարդակն է: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի եւ հավատարմագրման հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Քննարկվել են կրթության ոլորտի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ու դրանց մասնագիտությունների հավատարմագրմանը եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Նախարար Վահրամ Դումանյանը կարեւորել է ՈԱԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ երկրի զարգացման հիմնաքարը կրթության բարձր մակարդակն է: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի ընդունումը ենթադրում է հավատարմագրման կարգի վերանայում եւ որոշակի փոփոխություններ՝ ի նպաստ կրթական համակարգի արդյունավետ կառավարման եւ բարելավման: Այդ համատեքստում քննարկվել են բուհերի եւ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսհաստատությունների հավատարմագրման առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգ մշակելիս:

Վահրամ Դումանյանը, կարեւորելով ՈԱԱԿ-ի եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջեւ փոխադարձ վստահության ձեւավորումը, առաջարկել է հընթացս կազմակերպել ընդլայնված քննարկում նաեւ ուսհաստատությունների ներկայացուցիչների հետ եւ ստեղծել համապատասխան աշխատանքային խմբեր: