Քյարքիի ոլորաններում մարտի 30-ին գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։
Սպանվածն աշխատում էր «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրեն։
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում՝ Քյարքիի ոլորանների ձորում, ավտոմեքենա կա գլխիվայր շրջված, իսկ դրանից մոտ 20 մետր հեռավորության վրա՝ տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանն է, ով, ըստ դեպքի վայր ժամանած նրա ընկերների՝ աշխատում էր որպես մենեջեր, ու երեկ նրա հարազատները, նրա անհայտ կորելու մասին դիմում էին ներկայացրել ոստիկանության Էրեբունու բաժին, և որոնելու արդյունքում նշված հատվածում ընկերները նրան հայտնաբերել էին մահացած վիճակում:
Ձորում հայտնաբերվել էր նաև նրա վարած Ford Transit ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված:





























