Հայաստանում հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունն այժմվանից կասկածի տակ է: Այս մասին ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ իշխող քաղաքական մեծամասնությունը առանց ընդդիմադիր ուժերի աջակցության, ըստ էության, ընդունում է նոր Ընտրական օրենսգիրք:
«Դրանով այս պահից կասկածի տակ են դրվում հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը այժմվանից դրված է կասկածի տակ, եթե խաղի կանոնները փոխվում են»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը նաեւ հայտարարեց, որ փաստացի մարդկանց զրկում են նախագահ, քաղաքապետեր եւ խորհրդարանականներ ընտրելու հնարավորությունից:
«Դուք ձեր Ընտրական օրենսգրքով ձեզ համար քաղաքական գերեզմանոց կփորեք: Սա կլինի ձեր վերջը, քանի որ այն ուժը, որ Սահմանադրություն կամ Ընտրական օրենսգիրք է ընդունում իր համար, ըստ էության, ինքն իր գլուխն է կտրում: Այնպես որ, ընդունեք այս օրենսգիրքը եւ գնացեք այն ճանապարհով, որով գնում եք: Մենք ժողովրդին կվերադարձնենք նախագահ, պատգամավորներ եւ քաղաքապետեր ընտրելու իրավունքը»,- հայտարարեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքում կատարած փոփոխություններին:
Օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 81 պատգամավոր: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները քվեարկությունը բոյկոտեցին
Այսպիսով, «Իմ քայլը» իշխող դաշինքին, մի քանի անկախ պատգամավորների աջակցությամբ, հաջողվեց փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում, որը նախատեսում է վերացնել քվեարկության «ռեյտինգային» կարգը (տարածքային ցուցակներով պատգամավորների թեկնածուների ընտրություն):





























