Այս հարցում ԱՄՆ նախորդ եւ ներկա իշխանությունների միջեւ տարբերություն չկա, մանավանդ, երբ այն այս պետության ներքին քաղաքականության մաս է կազմում՝ հաշվի առնելով ընտրություններին քվեարկող մեծ սփյուռքը: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին հարցին:

Նրա խոսքով՝ հայկական սփյուռքին ընդունված է անվանել «մեկ հարցի սփյուռք», ուստի ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուները խոսում են Ցեղասպանության մասին, բայց երբ գալիս են իշխանության, դա տեղի չի ունենում:

Նա չբացառեց, որ Բայդենը կարող է ինչ-որ արտահայտություն հնչեցնել, բայց դա տեղի է ունեցել նաեւ նախկինում, ընդ որում՝ ոչ մեկ անգամ:

«Ռեյգանը խոսել է Ցեղասպանության մասին, Օբաման խոսել է, թեեւ դա այլ կերպ է անվանել: Չեմ կարծում, որ սա էական փոփոխություններ կբերի Հայաստանի հարաբերություններին այն Թուրքիայի հետ, որը կա, եւ հաշվի առնելով պատերազմի արդյունքները: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայումս այնքան էլ բարենպաստ չեն, բայց Թուրքիան շատ կարեւոր նշանակություն ունի ամբողջ Արեւմուտքի համար: Նա զբաղեցնում է առանցքային աշխարհագրական դիրք, սահմանակից է հետխորհրդային տարածքին, Իրանին, Իրաքին, Սիրիային: Ես այս հարցում արմատական փոփոխությունների հնարավորություններ չեմ տեսնում»,- հավելեց փորձագետը: