«Երբ ես ասում էի, որ Թուրքիա կգնամ միայն այն ժամանակ, երբ բաց կլինեն սահմանները կան մենք մոտ կլինենք դրանք, ես չէի դնում նախապայմաններ, ես ընդամենը նկատի ունեի, որ դրա համար պետք է լուրջ նախադրյալներ լինեն, իսկ այժմ ես կարծում եմ, որ այդ նախադրյալները կան։ Մենք երբեք ու ոչ մեկի հետ չենք խոսել նախապայմանների լեզվով, եւ կարծում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զարգանան առանց նախապայմանների»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի «Զվարթնոց» օդակայանում՝ Մոսկվա մեկնելուց առաջ։
«Երկկողմ հարաբերություններում ես հատկապես շեշտը դնում եմ փոխադարձության սկզբունքի վրա։ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը եկավ Հայաստան իմ հրավերով, եւ այժմ ես նրա հրավերը չընդունելու լուրջ պատճառ չեմ տեսնում։ Իմ գործընկերն ինձ գրավոր հրավեր է ուղարկել»,- հայտնել է նախագահը՝ հավելելով, որ եթե մոտակա երկու օրվա ընթացքում որեւև արտառոց բան չպատահի, ապա նա ներկա կգտնվի թուրքական Բուրսա քաղաքում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին եւ կերկրպագի իր սիրած թիմին։
Նշենք, որ Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ու հայկական պատվիրակությունը նախօրեին արդեն մեկնել են Թուրքիա։ Իսկ այսօր Սերժ Սարգսյանը մեկօրյա այցով մեկնեց Մոսկվա՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման նպատակով։




























