Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են կուսակցության հանրային կապերի թիմից։

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսօր աշխատանքի գնալու ճանապարհին «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը, տեսնելով, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում կանանց նկատմամբ, բնականաբար անտարբեր չի կարողացել անցնել, միջամտել է, ինչի համար էլ բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունիի բաժին։

Փաստորեն՝ ոստիկանությունն իրեն ամբողջովին դրսևորում է իբրև ապազգային իշխանության կամակատար և արդեն կանանց է քաշքշում ու ուժ կիրառում նրանց նկատմամբ, այն էլ ապրիլի 7-ին՝ մայրության օրը։

Կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապապետական գործելաոճը և ոստիկաններին սթափության հերթական կոչն է անում։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը հիշեցնում է նաև, որ ապապետական և հակահայկական իշխանությունների բոլոր կամակատարները՝ այդ թվում և ոստիկանության ղեկավարությունն ու համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ովքեր ակնառու ջերմեռանդությամբ կատարում են հակապետական հրահանգները, շատ շուտով ենթարկվելու են պատասխանատվության»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 7-ին, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին:

Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:

Ոստիկանությունը հայտնել է, որ կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Հայտնում ենք, որ այսօր աշխատանքի գնալու ճանապարհին «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ...

Опубликовано Ազգային Օրակարգ Среда, 7 апреля 2021 г.