Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ կառավարությանը պատասխանատու է անվանել COVAX ծրագրի շրջանակներում Իրան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարմանը խոչընդոտելու համար՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունն իր սեփական ներքին պատվաստանյութերն է ստեղծում, հաղորդում է Tasnim-ը:

Ռոհանին նշել է, որ իր վարչակազմը ժամանակին պլաններ է կազմել՝ արտասահմանից կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու եւ համավարակի բռնկումից հետո այն երկրի ներսում արտադրելու համար: Սակայն ԱՄՆ-ի օբստրուկցիոնիզմը հետաձգել է պատվաստանյութի մատակարարումն Իրան՝ ԱՀԿ-ի՝ COVID-19-ի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, հավելել է նա՝ ասելով, որ «ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անեծքի է արժանի»:

«Հակաիրանական լրատվամիջոցները կեղծ մեղադրում են (իրանական) վարչակազմին եւ Կենտրոնական բանկին պատվաստանյութի գնումը հետաձգելու մեջ»,- ասել է նախագահը:

Ըստ Ռոհանիի՝ Թեհրանը պայմանագիր է կնքել օտարերկրյա ընկերությունից 10 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին, սակայն մատակարարումն «արգելափակվել է ամերիկյան օբստրուկցիոնիզմի պատճառով»:

Նա նշել է, որ Իրանընաեւ վճարել է Հնդկաստանին պատվաստանյութի մի քանի միլիոն դեղաչափի համար, սակայն հնդիկները պնդում են, որ իրենց դատական ​​համակարգը արգելափակել է պատվաստանյութի արտահանումն Իրան: